ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Լիլիթ Մարտիրոսյանի գործը Հայաստանի Հանրապետությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է տրանս իրավապաշտպան և ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանի գործը Հայաստանի Հանրապետությանը՝ այն տեղափոխելով քննության հաջորդ ընթացակարգային փուլ։

Գործը վերաբերում է 2019 թվականին Հայաստանի Ազգային ժողովում Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո նրա նկատմամբ ծավալված ատելության արշավին, այդ թվում՝ սպանության կոչերին, բնակության վայրի հասցեի ապօրինի հրապարակմանը, ատելության խոսքին և բռնության հրապարակային հրահրմանը։

Լիլիթ Մարտիրոսյանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել իր անվտանգությունը և չեն տրամադրել իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ չնայած այն հանգամանքին, որ սպառվել էին ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները։

ՄԻԵԴ-ի կողմից գործի կոմունիկացումը նշանակում է, որ դատարանը Հայաստանի Հանրապետությանը հրավիրել է ներկայացնելու իր պաշտոնական դիրքորոշումը գործի վերաբերյալ՝ շարունակելով գործի քննությունը սահմանված ընթացակարգով։

Կոմունիկացիայի փուլը չի նշանակում վերջնական վճիռ, սակայն այն կարևոր ընթացակարգային փուլ է, որը վկայում է, որ դատարանը գործը համարել է արժանի հետագա քննության։

Գործի հետագա ընթացքի վերաբերյալ ցանկացած նոր տեղեկատվության դեպքում մենք կհրապարակենք լրացուցիչ տեղեկություն։

Մենք վերահաստատում ենք, որ որևէ ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստ չպետք է ենթարկվի բռնության, հետապնդումների, ատելության խոսքի կամ սպառնալիքների՝ իր իրավապաշտպան և ակտիվիստական գործունեության պատճառով։

27-07-2026
Կիսվել